Կարագյոզյան կենտրոնի նոր սկիզբը.
առաջին տեղում երեխաներն են
Հոկտեմբեր 2026 | Երևան, Հայաստան
Հայաստանում երեխաներին և ընտանիքներին ավելի քան երեք տասնամյակ ծառայելուց հետո «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն պատրաստվում է իր պատմության մեջ նոր, համարձակ էջ բացել։ Երևանի կենտրոնում ավարտին է մոտենում կազմակերպության նոր գլխավոր մասնաշենքի շինարարությունը։

Շինարարական աշխատանքների ավարտին զուգահեռ՝ վերափոխման գործընթաց է ծավալվում նաև կազմակերպության ներսում։ Առաջիկա հնարավորություններով ոգեշնչված՝ աշխատակիցներն արդեն կյանքի են կոչում այս փոփոխությունները՝ վերանայելով ծրագրերը, որդեգրելով նոր մոտեցումներ և պատրաստվելով Կարագյոզյան նոր կենտրոնում ապահովել ծառայությունների մատուցման որակական նոր մակարդակ։
Երեխայի ամբողջական կարիքների շուրջ կառուցված նոր կենտրոնը մեկ հարկի տակ միավորում է ծառայությունների ինտեգրված մոդել՝ մինչև 14 տարեկան երեխաներին անվճար հասանելի դարձնելով բերանի խոռոչի առողջության, սոցիալ-հոգեբանական բարեկեցության և զարգացման համապարփակ ծառայություններ։ Այս մոտեցումը չի սահմանափակվում երեխայի առանձին կարիքների հասցեագրմամբ, այլ ապահովում է փոխկապակցված և ամբողջական աջակցություն՝ նպաստելով նրա առողջությանը, զարգացմանն ու ընդհանուր բարեկեցությանը։

Ավելի քան 30 տարի «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն կանգնած է Հայաստանի երեխաների կողքին՝ իր ծրագրերը համապատասխանեցնելով երկրում և ընտանիքների կարիքներում տեղի ունեցող փոփոխություններին։ Այսօր կազմակերպությունն այդ ժառանգության հիմքի վրա կառուցում է երեխայակենտրոն խնամքի նոր հավակնոտ մոդել։ «Կարագյոզյան կենտրոնը մտնում է նոր ժամանակաշրջան, որը հիմնված է Հայաստանում երեխաներին և ընտանիքներին ծառայելու նրա երկարամյա փորձի վրա»,- ասում է Հովարդ Կարագյոզյան Բարեգործական Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 12 տարի։ «Նոր գլխավոր մասնաշենքն այս վերափոխման առանցքում է՝ մեկ վայրում միավորելով ժամանակակից ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիաները, բազմակողմանի ծառայությունները, մասնագիտական զարգացումը և համագործակցության նոր հնարավորությունները»։
«Մենք ներդրումներ ենք կատարում կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, առաջադեմ տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների ներդրման, ինչպես նաև հատուկ այս նպատակով նախագծված նոր կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը ձևավորվել է մեր կողմից սպասարկվող երեխաների և ընտանիքների փոփոխվող կարիքներին համապատասխան»,- ասում է «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի գործադիր տնօրեն Լիանա Սարգսյանը։ «Այս վերափոխումն արտացոլում է տիկին Լազարյանի ռազմավարական տեսլականն ու առաջնորդությունը։ Նա առանցքային դեր է ունեցել կազմակերպության ապագայի ձևավորման և նոր մասնաշենքը գաղափարից մինչև իրականություն առաջ մղելու գործում»։
Այս վերափոխման իրական մասշտաբն առավել ընդգծված է դառնում, երբ այն դիտարկում ենք Հայաստանում Կարագյոզյան կենտրոնի պատմության համատեքստում՝ մի պատմություն, որն անքակտելիորեն կապված է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող կազմակերպության երկարամյա գլխավոր մասնաշենքի հետ։

Կենտրոնը սկսել է իր գործունեությունը Հայաստանի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկում։ «Կարիքը հսկայական էր։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում մասնագիտացված մանկական ատամնաբուժական ծառայությունները խիստ սահմանափակ էին, և Կարագյոզյան կենտրոնը երեխաների ու ընտանիքների համար դարձավ անհրաժեշտ բուժօգնության կարևոր կենտրոն։ Բուժառուների հոսքն այնքան մեծ էր, որ մինչև 2014 թվականը Երևանի կենտրոնը, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերը, աշխատում էին երկու հերթափոխով»,- հիշում է կազմակերպության բժշկական տնօրեն Ալիսա Բադալյանը, ով Կարագյոզյանի հետ է Հայաստանում կազմակերպության գործունեության առաջին տարիներից։
Նորք-Մարաշի կենտրոնը, Հովարդ Կարագյոզյան ԲԲՀԿ-ի մարզային կենտրոնների հետ միասին, հագեցած էր տվյալ ժամանակաշրջանի ամենաառաջադեմ ատամնաբուժական տեխնոլոգիաներով և դարձավ մասնագիտացված մանկական ատամնաբուժական ծառայությունների կարևոր կենտրոն։ ԱՄՆ-ից ժամանող բժիշկներն ու պրոֆեսորները պարբերաբար իրենց մասնագիտական գիտելիքն ու փորձն էին փոխանցում հայաստանյան գործընկերներին՝ նպաստելով ոչ միայն Կարագյոզյան կենտրոնի զարգացմանը, այլև Հայաստանում մանկական ատամնաբուժության ոլորտի ընդհանուր առաջընթացին։
1992 թվականից ի վեր կենտրոնի դռներով անցել է ավելի քան մեկ միլիոն երեխա, իսկ առողջապահության ոլորտի մասնագետների մի քանի սերունդ այստեղ է ձևավորել և հարստացրել իր մասնագիտական փորձը։ Նորք-Մարաշի շենքը դարձել է կազմակերպության ինքնության անբաժանելի մասը և տասնամյակների ծառայության ու նվիրված աշխատանքի լուռ վկան։
Սակայն մի ժամանակաշրջանի կարիքներին արձագանքելու համար ստեղծված հաստատությունը պետք է պատրաստ լինի դիմակայելու նաև հաջորդ շրջանի մարտահրավերներին։ Կարագյոզյանի զարգացման նոր փուլը տեսանելի ու շոշափելի դարձավ 2022 թվականին, երբ կազմակերպությունը Գյումրիում բացեց իր նորակառույց և ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնաճյուղը։
Հիմնվելով այս փորձի վրա՝ կազմակերպությունը ձեռնամուխ եղավ առավել հավակնոտ նախաձեռնության՝ Երևանի կենտրոնում նոր գլխավոր մասնաշենքի կառուցմանը։ Նորք-Մարաշի կենտրոնը տասնամյակներ շարունակ մեծապես ծառայել էր կազմակերպությանը և երեխաների մի քանի սերունդների, սակայն դրա ենթակառուցվածքն այլևս չէր համապատասխանում ոլորտի ժամանակակից չափանիշներին և չէր կարող ապահովել Կարագյոզյան կենտրոնի ապագայի համար նախատեսվող ծառայությունների ծավալը, ընդգրկումն ու բազմամասնագիտական մոդելը։
Նոր գլխավոր մասնաշենքի շինարարությունը մեկնարկել է 2024 թվականին՝ ազդարարելով կազմակերպության վերջին շրջանի ամենանշանակալի վերափոխումներից մեկի սկիզբը։ Ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած նոր կենտրոնը ձևավորվում է որպես երեխաների առողջության և բարեկեցության գերազանցության կենտրոն, որտեղ մեկ հարկի տակ կմիավորվեն կլինիկական ծառայությունները, կանխարգելումն ու բուժումը, սոցիալ-հոգեբանական աջակցությունը, կրթությունը, մասնագիտական զարգացումն ու համագործակցությունը։
Սակայն նոր կենտրոնի ներուժը չի սահմանափակվում միայն այն երեխաներով, ովքեր ծառայություններ կստանան դրա պատերի ներքո։ Մասնագիտական կրթությունն ու գիտելիքի փոխանցումը Կարագյոզյանի գործունեության կարևոր բաղադրիչներից են եղել գրեթե առաջին իսկ տարիներից։ 1995-2000 թվականներին Երևանի մասնաճյուղը ծառայել է որպես Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնական բազա։ Այստեղ ուսուցում անցած բազմաթիվ ուսանողներ հետագայում միացել են Կարագյոզյան կենտրոնին, իսկ մյուսները իրենց մասնագիտական գործունեության ողջ ընթացքում պահպանել են սերտ կապերը կազմակերպության հետ։
2026 թվականին այս համագործակցությունը վերականգնվում և ընդլայնվում է նոր համաձայնագրով, որի շրջանակում Կարագյոզյան կենտրոնը դառնում է հետբուհական կրթություն ստացող ուսանողների և ատամնաբուժության ոլորտի այլ մասնագետների պաշտոնական կլինիկական ուսուցման բազա։
Երևանի նոր կենտրոնը զգալիորեն կընդլայնի այս հնարավորությունները՝ ստեղծելով միջավայր, որտեղ կլինիկական պրակտիկան, մասնագիտական կրթությունը, գիտելիքի փոխանակումն ու նորարարությունը կլրացնեն և կզորացնեն միմյանց։
Այս նոր դերակատարությամբ կենտրոնը ոչ միայն այսօր կշարունակի հոգ տանել երեխաների առողջության և բարեկեցության մասին, այլև իր ներդրումը կունենա այն մասնագետների պատրաստման գործում, ովքեր վաղը հոգ կտանեն Հայաստանի երեխաների մասին։
«Նոր գլխավոր մասնաշենքը կարևոր հանգրվան է Կարագյոզյան կենտրոնի զարգացման ճանապարհին»,- ասում է Իրինա Լազարյանը։ «Այն մեզ հնարավորություն է տալիս շարունակել կառուցել կազմակերպության արդեն իսկ ձեռք բերած արդյունքների վրա և առաջիկա տարիներին ավելի մեծ կարողություններով ու ազդեցությամբ կյանքի կոչել նրա երկարաժամկետ տեսլականը»։
1990-ականների ամենադժվար տարիներին երեխաներին հոգատարություն և բուժօգնություն ապահովող ջերմ ու լուսավոր կենտրոնից մինչև Երևանի սրտում ձևավորվող ժամանակակից կենտրոն։ Ավելի քան երեք տասնամյակ Կարագյոզյան կենտրոնի գործունեությունն առաջնորդող նպատակը մնում է անփոփոխ՝ լինել երեխաների կողքին։ Արձագանքել, երբ փոխվում են նրանց կարիքները։ Ներդրում կատարել նրանց առողջության, զարգացման և ապագայի մեջ։





