Մանկան ժպիտը ամենամեծ ուրախությունն է։ Բայց գիտե՞ք, որ այդ ժպիտն ունի թաքնված թշնամի՝ կարիես։ Ատամների ամենատարածված խնդիրներից մեկը՝ կարիեսը, հաճախ սկսվում է վաղ տարիքում առանց զգուշացման և, գրեթե, աննկատ։ Երբ այն արդեն նկատելի է դառնում, բուժումը կարող է լինել ցավոտ, սթրեսային, ժամանակատար և ծախսատար։
Սակայն կա նաև լավ լուր՝ կարիեսը կարելի է կանխել։ Վաղ մանկությունից սկսած պետք է հետևել կարիեսի կանխարգելման կանոններին, ինչը ոչ միայն նվազեցնում է կարիեսի ռիսկը, այլ նաև ձևավորում առողջ սովորություններ, բարձրացնում ինքնավստահությունը և ապահովում գեղեցիկ ժպիտ։ Ինչպես նշում են մասնագետները «Լավ ատամնաբուժությունը սկսվում է ոչ թե հիվանդությունից հետո, այլ շատ առաջ» (pmc.ncbi.nlm.nih.gov).
Ի՞նչ է կարիեսը և ինչու՞ է այն վտանգավոր երեխաների համար
Կարիեսը ատամների էմալի ախտահարումն է կարիեսածին մանրէներով (Streptococcus mutans & Lactobacillus)։
Կարիեսի առաջացման ամենակարևոր պատճառներից են ֆտորի պակասը խմելու ջրում, ատամների խնամքի բացակայությունը, անառողջ, հատկապես՝ քաղցր պարունակող սննդի չարաշահումը։
Հիշեք՝ նույնիսկ չնչին սպիտակ կամ շագանակագույն բծերը ատամնաբույժին դիմելու առաջին ազդանշաններն են (alliedacademies.org)։
Եթե ժամանակին չարձագանքենք, դա կարող է բերել՝
• ցավի
• ծամելու դժվարությունների,
• մշտական ատամների կարիեսով ախտահարմանը։
Ահա կանխարգելման 3 քայլեր՝
1․ Բերանի խոռոչի պարտադիր խնամք
- Խոզանակեք ատամները օրական առնվազն 2 անգամ, 2 րոպե․ առավոտյան՝ նախաճաշից հետո և երեկոյան՝ քնելուց առաջ
- Օգտագործեք փափուկ խոզանակ և ֆտոր պարունակող մածուկ
(2 տարեկանից ցածր երեխաների ատամները մաքրել առանց ատամի մածուկի, կամ ընդամենը մածուկի աննշան հետքով; 2-6 տարեկանում՝ բրնձի հատիկի չափով; 6 տարեկանից բարձր՝ սիսեռի չափով)
- Ատամների խնամքը դարձրեք խաղային և դրական փորձ․ օրինակ՝ կազմեք ժամատախտակ, նշեք խոզանակելու ժամերը գույներով և բացատրեք դրա օգտակարությունը երեխայի համար մատչելի բառերով։
2․ Սննդակարգի վերահսկում
Կրճատեք շաքարավազի, քաղցրավենիքի, հատկապես՝ կարամելիզացված կոնֆետների և քաղցր/գազավորված ըմպելիքների օգտագործումը: Փոխարենը օգտագործեք մրգեր, բանջարեղեն և կալցիումով հարուստ սննդամթերք (օր․՝ կաթնամթերք) մաքուր ջուր:
3․ Պարբերական այցելություն ատամնաբույժի մոտ
Այցելեք մանկական ատամնաբույժին մեկ տարեկանից՝ տարին 2 անգան։
Ատամնաբույժը կիրականացնի կանխարգելիչ զննում՝ կկատարի ատամների պաշտպանիչ ֆտորապատում լաքով, կծանոթացնի բերանի խոռոչի հիգիենայի և առողջ սննդակարգի հիմնական կանոններին։
Վաղ զննությունն օգնում է ժամանակին հայտնաբերել կարիեսի առաջին նշանները՝ բուժումը դարձնելով դյուրին և անցավ ։
Եզրափակում՝ փոքրիկի ժպիտը Ձեր մեծ ներդրումն է
Կանխարգելիչ խնամքը նվազեցնում է կարիեսի վտանգը և օգնում ձևավորել առողջ ու ինքնավստահ երեխա։ Սովորությունները, որոնք ձևավորում եք այսօր, պաշտպանում են Ձեր երեխայի վաղվա առողջությունը։

