«Հովարդ Կարագյոզյան» Բժշկական Բարեգործական ՀԿ նոր գլխամասային կենտրոնի հիմք է դնում
Երևան, Հայաստան, հուլիսի 3, 2024թ.- 2024 թվականի հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցավ Հովարդ Կարագյոզյան կազմակերպության գլխամասային նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը:
Արարողությանը մասնակցում էին՝ Հովարդ Կարագյոզյան Հիշատակի ընկերակցության գործադիր տնօրեն՝ Իրինա Լազարյանը, կազմակերպության անձնակազմը, կազմակերպության գործընկերները, նախագծող և շինարարական թիմերը:
Ներկաները ոգևորված էին, սկիզբ էր դրվում նրանց հավաքական երազանքի՝ նոր մասնաշենքի կառուցմանը: Կազմակերպության առաքելության նոր էջ է բացվում: Գերժամանակակից բազմաֆունկցիոնալ առողջապահական հաստատությունը ծառայելու է ներկա և ապագա սերունդներին, բարելավելու է կարիքավոր երեխաների առողջությունն ու բարեկեցությունը:
Կառուցվելիք կենտրոնը բավարարելու է աճող պահանջարկը և ապահովելու է մանկական ատամնաբուժության և ակնաբուժության ավելի դյուրին հասանելիությունը շահառուներին: Իրականացվելու են սոցիալական ծառայության ծրագրերը՝ հոգեբանական խորհրդատվություն, խոսքի թերապիա և հատուկ կրթության պարապմունքներ:
Նոր կենտրոնը շարունակելու է տրամադրել երեխաներին և նրանց ընտանիքներին հետպատերազմյան ճգնաժամի օրերին սկսված հումանիտար օգնությունը:
Իր ելույթում Իրինա Լազարյանը նշեց, որ Կարագյոզյան կազմակերպության աշխատակիցները բազմիցս դիմել են ավելի ժամանակակից աշխատանքային միջավայր ունենալու խնդրանքով:
Վերջերս կառուցված Գյումրիի Կարագյոզյան կենտրոնի նոր շենքը հիանալի հիմք հանդիսացավ, որպեսզի 2020 թվականի հունվարի 24-ին Կարագյոզյան հիմնադրամի խորհուրդը միաձայն որոշում կայացնի Երևանում նոր կենտրոնի կառուցման մասին:
«Կարագյոզյան հիմնադրամի ղեկավարության գիտակցումն ու տեսլականը, ղեկավարության վճռականությունը, ինչպես նաև բազմաթիվ մասնագետների խիզախությունն ու փորձառությունն են, որ իրականություն են դարձնելու այս երազանքը»,- նշեց Լազարյանը:
«Շենքերը կյանքեր չեն փրկում, մարդիկ են փրկում կյանքեր»,- ընդգծեց Ի. Լազարյանը: «Կարագյոզյան հիմնադրամը միշտ եղել է և կլինի ժողովրդի կողքին, ժողովրդի համար: Երեխաներն և նրանց ընտանիքները մեր կարիքն ունեն հիմա և այստեղ»:
Կարագյոզյան կենտրոնի գործադիր տնօրեն՝ բժիշկ Ալիսա Բադալյանը իր բացման խոսքում նշեց, որ կազմակերպությունը երկար ճանապարհ է անցել և հիմնադրման առաջին իսկ օրվանից հոգ է տարել կարիքավոր ու անապահով երեխաների մասին:
«Մտովի արդեն տեսնում եմ, թե ինչ ծրագրեր ենք իրականացնելու այստեղ, ինչ հրաշալի մթնոլորտ է լինելու, և թե ինչպես են փայլելու երեխաների աչքերը, և ինչպես են նրանք ժպտալու։ Չէ՞ որ այս ամենը արվում է նրանց՝ հայ մանուկների համար», – ասաց Ա. Բադալյանը:
Երևանի այս նոր կենտրոնը խորհրդանշում է հիմնադիր Կարագյոզյան ընտանիքի առաքելության շարունակականությունը: Այն ասես ժառանգություն է առել Լիբանանում 1972 թվականին հիմնադրված Լեյլավանի բնակարանային համալիրից:
«100 տարի շարունակ մենք կրել ենք մահվան, տառապանքի, զրկանքների, ուխտագնացության և ցավի ծանրությունը, բայց միշտ պահել ենք հույսը, բարությունը և աջակցությունը», – իր ելույթը սկսեց Լիբանանի Կարագյոզյան Միության տնօրեն՝ Սերոբ Օհանեանը: «Այսօր, առավել քան երբևէ, մեր պարտքն է հավատարիմ մնալ մեր հիմնադիրների առաքելությանը, զորանալ հավատով և լցվել հույսով, որովհետև արդարության արևը վաղ թե ուշ կշողա», – ասաց նա։
Հիմնարկեքի արարողությունը Տեր Հայր Պարույր Ավետիսյանի աղոթքով և օրհնությամբ էլ ավելի լուսավոր և խոստումնալից դարձավ:
«Հիմնադրամի տնօրենների խորհրդի անունից ես խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրականացնելու են մեր երազանքը» – արարողության վերջում ասաց Ի. Լազարյանը
Միջոցառումը եզրափակվեց մանկական ազգագրական եռյակի համերգային հատուկ ելույթով։
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն հիմնադրվել է Երևանում (Հայաստան) 1992 թվականին, Կարագյոզյան հիմնադրամի աջակցությամբ (Նյու Յորք, ԱՄՆ)։ Ներկայումս «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն իրականացնում է բժշկական և սոցիալական ծրագրեր Հայաստանում և Արցախում։ Առաքելությունն է՝ երեխաներին ապահովել անվճար բարձրորակ բժշկական և սոցիալական ծառայություններով, դրանով նպաստել նրանց երջանիկ ինտեգրմանը հասարակությունում։