Ատամնաբուժական ծրագիր
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է բերանի խոռոչի առողջությունը որպես «բերանի և դեմքի շրջանի քրոնիկական ցավից, բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղից, վարակներից և բերանի խոցերից, լնդերի հիվանդություններից, կարիեսից, ատամների կորստից և այլ հիվանդություններից զերծ լինելու վիճակ, ինչպես նաև խանգարումներ, որոնք սահմանափակում են մարդու ծամելու, ժպտալու, խոսելու կարողությունը և վնասում են նրա հոգեկան առողջությանը»:
Ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանում և Արցախում երեխաների բերանի խոռոչի առողջության որակը՝ դրանով իսկ բարելավելով նրանց կյանքի որակը։ Ատամների անվճար բուժումը և բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի են բոլոր երեխաներին՝ անկախ սոցիալական կարգավիճակից և ֆիզիկական կարողություններից:
Ծրագիրն իր գործունեությունը սկսել է 1993թ.-ին Երևանում՝ Նորք կլինիկայում, իր աշխատանքային անձնակազմում ունենալով 3 ատամնաբույժներ։ Ծրագրում ներկայումս աշխատում է 19 ատամնաբույժ։ Նրանք փորձառու և որակավորված բժիշկներ են, ովքեր ապահովում են երեխաների բերանի խոռոչի առողջությունը։ Մեր կենտրոնների հիմնադրումից ի վեր մեզ այցելել է մոտ 350000 երեխա։