«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ աշխատակազմի թիմային միջոցառումը
Կարևորելով թիմային աշխատանքը և աշխատակիցների շփումը միմյանց հետ՝ «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ ընդհանուր Ժողովի քարտուղար Իրինա Լազարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հետաքրքիր միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանյան «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ չորս կենտրոնների (Երևան, Գյումրի, Վանաձոր, Գորիս) աշխատակիցները, ինչպես նաև հրավիրված հյուրեր՝ Լիբանանի Կարագյոզյան Միության տնօրեն Սերոբ Օհանյանը և տնօրենի օգնական Քրիստինե Սիմիդյանը:
Միջոցառման շրջանակներում, 2024թ. հունիսի 02-ին Կազմակերպության ողջ անձնակազմը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ որպես խորին հարգանքի տուրք, ծաղիկներ և ծաղկեպսակ դրեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հնչեցրեց Տերունական աղոթք:
Այնուհետև թիմը ուղևորվեց Գյումրի, որտեղ նրանց ջերմորեն հյուրընկալեցին Գյումրու Կարագյոզյան կենտրոնի գործընկերները:
Սա սպասված և ցանկալի հանդիպում-միջոցառում էր: Թիմակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Գյումրու կենտրոնի նորակառույց և արդիական շենքին:
Հաջորդիվ այցելություն էր Գյումրու տեսարժան վայրեր:
Օրն ամփոփվեց աշխատակիցների հյուրասիրությամբ, տոնախմբությամբ, երգ ու պարով:
Միջոցառման վերջում Սերոբ Օհանեանը, Կարագյոզյան ողջ անձնակազմի անունից, խորին երախտիքի խոսք ուղղեց Խորհրդի քարտուղար Իրինա Լազարյանին՝ արժևորելով «Հովարդ Կարագյոզյան» Բարեգործական Հիմնադրամում նրա տասամյա գործունեությունը:
Միջոցառումն անմոռանալի պահերի խտացված պատկեր էր:
Թիմակիցները բարձր տրամադրությամբ և ոգևորությամբ վերադարձան շարունակելու իրականացնել «Հովարդ Կարագյոզյան» Կազմակերպության առաքելությունը՝ հավատարիմ մնալով նրա կարգախոսին՝ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ:
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն հիմնադրվել է Երևանում (Հայաստան) 1992 թվականին, Կարագյոզյան հիմնադրամի աջակցությամբ (Նյու Յորք, ԱՄՆ)։ Ներկայումս «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն իրականացնում է բժշկական և սոցիալական ծրագրեր Հայաստանում։ Առաքելությունն է՝ երեխաներին ապահովել անվճար բարձրորակ բժշկական և սոցիալական ծառայություններով, դրանով նպաստել նրանց երջանիկ ինտեգրմանը հասարակությունում։