Վախ Ատամնաբույժներից Եվ Դենտաֆոբիա
Ընդհանուր առմամբ բոլոր երեխաները վախենում են ատամները բուժելու գործընթացից, սակայն ոմանք ավելի հեշտությամբ են կառավարում իրենց վախերը, իսկ ոմանք՝ ոչ:
Դենտաֆոբիան կամ ատամնաբույժներից վախը դիտվում է ոչ միայն երեխաների մոտ, այլ նաև մեծահասակների շրջանում: Հիմնականում այն ձևավորվում է փոքր տարիքում և որպես կանոն մնում է ամբողջ կյանքի ընթացքում, եթե չկա միջամտություն: Եթե երեխան վախենում է ոչ միայն ատամները բուժելուց, այլ նաև ատամնաբույժի մոտ գնալուց, ատամնաբուժարանի կամ ատամները բուժելու մասին խոսելուց, ապա տվյալ դեպքում վստահ կարող ենք խոսել դենտաֆոբիայի մասին:
ՎԱԽԻ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
Ըստ երեխայի դրսևորած հույզերի ուժգնության կարելի է առանձնացնել 4 տեսակի վախ.
- Թեթև վախ. Երբ երեխան զգուշությամբ զննում է բոլորին, ատամնաբույժից հարցնում է իր յուրաքանչյուր գործողության մասին, սկսում է արդարանալ, որ իր մոտ այլևս ոչինչ չի ցավում: Այս դեպքում չնայած, որ երեխան լարված է, սակայն ինքնուրույն է նստում և չի անում ոչ մի կտրուկ քայլեր:
- Չափավոր վախ. Այս դեպքում երեխան արդեն չի համաձայնվում նստել ատամնաբուժական նստարանին, լացում է, շնչառությունը հաճախացած է:
- Ուժեղ վախ. Այս պարագայում Երեխան ամբողջությամբ մերժում է տվյալ պրոցեսը, դիմում է ագրեսիվ գործողությունների, կարող է հրել, հարվածել, կծել բժշկին:
- Շատ ուժեղ վախ. Այս մակարդակի վախի ժամանակ գրեթե անհնար է երեխային նստեցնել ատամնաբուժական նստարանին, քանի որ նույնիսկ ատամնաբույժի սենյակ մտնելը ուղեկցվում է ուժգին բղավոցներով և լացով: Տվյալ դեպքում կարող են դիտվել հազ, փսխում, միզարձակում:
Անհրաժեշտ է տեղյակ լինել այս մակարդակներից, քանի որ տեղում հարկավոր կլինի գնահատել, թե երեխայի վախը որ մակարդակին է համապատասխանում: Եթե այն համապատասխանում է առաջին երկու մակարդակներից մեկին, ապա հնարավոր կլինի այդ պահին, հատուկ մոտեցման միջոցով բուժել իր ատամները: Սակայն եթե խոսքը գնում է մյուս երկու մակարդակների մասին ավելի նպատակահարմար կլինի հետաձգել բուժումը մինչև երեխան հոգեբանորեն պատրաստ չլինի: Հարկավոր է նշել, որ ֆոբիայի և սովորական վախի տարբերությունը այն է, որ վախը կարելի է վերահսկել որոշ չափով, ֆոբիան՝ ոչ:
ՊԱՏՃԱՌՆԵՐ
Պատճառների մասին խոսելիս կարելի է նշել՝.
- Ցավի զգացողություններ ունենալու վախը: Սա կապված է ինքնապահպանման բնազդի հետ: Ատամնացավը հատուկ սրություն ունի և երեխայի մոտ տվյալ ցավի հնարավոր առկայության դեպքում ակտիվանում է ինքնապահպանման բնազդը:
- Անորոշության վախը: Հաճախ երեխան չի պատկերացնում, թե որտեղ է գնում և ինչ պետք է կատարվի այնտեղ և այդ անորոշություն կարող է տագնապի պատճառ դառնալ:
- Անվստահության զգացողությունը: Այս դեպքում երեխան վստահ չի, որ կարող է հասկացված լինել որևէ մեկի կողմից: Նա վստահ չէ, որ կարող է դիմել որևէ մեկին և նրան գոնե կլսեն կարճ ժամանակով: Տագնապայնության աստիճանը նույնպես բարձրանում է այս պարագայում, քանի որ երեխան կասկածում է իր անվտանգության պահպանման վերաբերյալ:
- Նախկին բացասական փորձը: Վատ փորձառությունը կարող է առաջացնել հետվնասվածքային սթրեսային խանգարմանը նմանվող իրավիճակներ երեխայի մոտ, քանի որ այն թողնում է որոշակի տրավմատիկ հետքեր:
- Այլ մարդկանց բացասական փորձը, որի մասին երեխան լսել է: Հաճախ ծնողները վկայում են, որ երեխան երբևիցե վատ փորձառության չի բախվել ատամնաբուժարանի հետ կապված, սակայն որոշակի հարցերից հետո հիշում են, որ երեխայի ներկայությամբ բարեկամները քննարկում էին իրենց վատ փորձը: Սա նույնպես կարող է առաջացնել հետվնասվածքային սթրեսային խանգարմանը նմանվող իրավիճակներ երեխայի մոտ: Հաշվի առնելով երեխաների վառ երևակայությունը և պատճառահետևանքային կապերի ոչ լիարժեք իմացությունը այդ տարիքում, ապա վերոնշյալ պատմություններից երեխան կարող է լիովին այլ իրավիճակներ պատկերացնել և սխալ եզրակացությունների գալ:
- Սխալ պատրաստվածություն ատամնաբույժի մոտ այցելության համար: Հաճախ ծնողները խոստովանում են, որ չեն ասել երեխային, թե որտեղ են գնում և այն պահին երբ երեխան հասկանում է, դա կարող է բավականին սթրեսային լինել: Շատ դեպքերում նշվում է, որ երեխան տեղեկացվել է ատամնաբուժարան այցի մասին, սակայն հստակեցնելուց հետո պարզվել է, որ երեխային ավելի վախեցրել են, քան հանգստացրել: Երբ երեխան տանը սկսել է անհամաձայնություն ցուցաբերել նրան սպառնացել են, մանիպուլյացիայի ենթարկել, բարկացել նրա վրա: Հարկավոր է նշել, որ տվյալ պարագայում տագնապայնության աճը ևս անխուսափելի է:
- Ծնողի տագնապայնությունը: Ծնողի հատուկ պահվածքը կարող է երեխայի տագնապի առաջացման համար հիմք հանդիսանալ: Երբ ծնողը ինքը չգիտի, թե երեխան իրեն ինչպես կպահի կամ հիշում է մտքում իր սեփական այցերը ատամնաբույժի մոտ մանկական տարիքում, ակամայից սկսում է իրեն այլ կերպ պահել, երեխան դա միանգամից նկատում է:
- Ատամնաբույժի ցուցաբերած սխալ մոտեցում: Չնայած, որ մանկական ատամնաբույժները հատուկ վերապատրաստում ունեն, սակայն երբեմն հաշվի առնելով տարբեր գործոններ մասնագետը կարող է որոշակի սխալներ թույլ տալ, օրինակ՝ նախատել երեխային, կատակով վախեցնել, չապրումակցել երեխային, երեխայի ներկայությամբ մեղադրել իր ծնողին և այլն:
Անհրաժեշտ է նշել, որ վերոնշյալ բոլոր պատճառները ավելի են զգացնել տալիս, երբ որ ուղեկցվում են երեխայի այնպիսի անձնային առանձնահատկություններով ինչպիսիք են կամակորությունն ու ենթարկվողականության բացակայությունը:
ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
1. Ծնողի պատրաստվածությունը:
Ծնողները նույնպես հուզարականորեն պետք է պատրաստ լինեն ատամնաբուժարան այցին: Երեխայի հոգեբանական վիճակը հաճախ կախված է լինում ծնողի հոգեբանական վիճակից: Եթե ծնողը իրեն տարօրինակ է պահում և ամբողջ ճանապարհին կամ անընդհատ հորդորում է երեխային չվախենալ կամ ընդհանրապես չի խոսում, դա բացասաբար է ազում: Եթե ծնողը նույնպես տագնապում է, ապա որոշակի շնչառական վարժությունների միջոցով կարող է կարգավորել իր վիճակը և պահել իրեն այնպես, ինչպես սովորաբար է պահում:
2. Դրականացնել ատամնաբուժական բոլոր պրոցեդուրաները երեխայի աչքերում:
Դա կարելի է անել խրախուսելով երեխային դիմել այդ պրոցեդուրաներին: Ոչ մի դեպքում դա չպետք է լինի սպառնալիքի կամ սարսափելի պատմություններ պատմելու միջոցով: Կարելի է նաև կիրառել տարբեր ֆիլմեր, մուլտֆիլմեր, որտեղ երեխաներն և մեծահասակները գնում են ատամնաբույժի և բարեհաջող բուժում ատամները: Տարբեր սոցիալական պատմությունների դիտումը այդ թեմայով նույնպես բարենպաստ ազդեցություն կթողնի երեխայի վրա: Վիզուալիզացնելով տվյալ գործընթացը, երեխան այլևս չի ունենա անորոշության զգացողություն, հետևաբար տագնապայնության աստիճանը նույնպես կիջնի: Ատամնաբուժական պրոցեդուրայի բարեհաջող ավարտից հետո ցանկալի է ամեն կերպ խրախուսել երեխային, որպեսզի դա ասոցացվի դրական զգացողությունների հետ: Օրինակ կարելի է ատամնաբուժարանից հետո մտնել խանութ և գնել որևէ բան:
3. Ասել ճշմարտությունը ճիշտ ընտրված բառերով: Երբ երեխային անընդհատ կրկնում են, որ նա ոչ մի ցավ չի զգալու և երեխան ի վերջո վստահում է ու զգալով անզգայացման ներարկման ցավը, նա իրեն խաբված է զգում կամ մտածում է, որ նա ճիշտ չի ընկալում ցավի զգացողությունները: Եթե ծնողների համար դա ցավ չի, իսկ իր համար ցավ է, ապա իր հետ մի բա այն չի, հետևաբար կորում է ինքնավստահությունը: Այս երկու երևույթները կարող են չլինել, եթե երեխայի հետ խոսելիս օգտագործվի հետևյալ արտահայտությունները ՛՛Մենք գնում ենք, որ քո ատամները բուժենք և նրանք առողջ կլինեն, բժիշկը կօգնի այդ հարցում՛՛, ՛՛Բուժման սկզբում մի փոքր ցավ կզգաս բերանում, բայց դա շատ կարճ կտևի՛՛, կարելի է համեմատել տվյալ ցավը երեխայի վերապրած ցավերի հետ, որ նա ճիշտ պատկերացնի ցավի ուժգնությունը: Հարկավոր է չկենտրոնանալ ցավի վրա, այլ շեշտը դնել դրական արդյունքի վրա և վերջում խոստացված խրախուսանքի վրա: Պարտադիր է ընդհանրապես չօգտագործել այնպիսի արտահայտություններ ինչպիսիք են ՛՛Ատամը հանել՛՛, ՛՛Ատամը քաշել՛՛, ՛՛Սրսկել՛՛ և այլն: Նմանատիպ երանգավորում ունեցող արտահատություններն ու բառերը, շնորհիվ երեխաների վառ երևակայության, ավելի են վախեցնում իրենց:
4. Ճիշտ պատրաստվածությունը ատամնաբուժարան այցելելու համար:
Երեխային անպայման պետք է նախապես զգուշացնել դրա մասին: Երեխան պետք է իմանա դրա մասին երկու կամ երեք օր առաջ, որպեսզի կարողանա վերահսկել իր տագնապը և բալանսի բերել այն, եթե ունի այդ հմտությունները: Տագնապի նվազեցման հարցում շատ օգնում են մանրամասն քննարկումները ապագա այցի մասին երեխայի հետ: Կարծես կառուցելով ապագայի պատկերը, պետք է հնչեցնել քայլ առ քայլ, թե ոնց եք նախաճաշելու այդ օրը, ինչ ճանապարհով եք գնալու, ինչպես եք մտնելու ատամնաբուժարան, ինչ գույնի պատեր են այնտեղ լինելու, ինչ հոտ է գալու այնտեղից, եթե ունեք բժշկի նկարը կարող եք ցույց տալ երեխային: Քայլ առ քայլ նշվում է թե, ոնց է երեխան նստելու նստարանին, բացելու բերանը, տեսնելու լույսը, բուժելու ատամը, իսկ հետո ինչպես եք դուրս գալու ատամնաբուժարանից արդեն բուժված ատամներով ու գնալու խոստացված խրախուսանքի ետևից:
5. Դերային խաղեր:
Դրական ազդեցություն են թողնում դերային խաղերը երեխայի տագնապի նվազեցման հարցում: Եթե կազմակերպել խաղ, որի մեջ կլինեն ատամնաբույժներ և բուժվողներ, դա կթողնի դեսենսիբիլիզացնող ազդեցություն և ավելի կանխատեսելի կդարձնի երեխայի համար տվյալ պրոցեդուրան:
6. Ծանոթության այց ատամնաբուժարան:
Մինչև կոնկրետ պրոցեդուրայի դիմելը անհրաժեշտ է ուղղակի այցելել և ծանոթանալ ատամնաբույժի և ատամնաբուժարանի հետ: Լինում են դեպքեր, երբ անվստահության պատճառով երեխան միայն հինգերորդ այցից է թույլատրում իրականցնել որևէ միջամտություն: Պետք է հարմարվել երեխայի տեմպի և ռիթմի հետ ու ոչ մի դեպքում չանել դա բռնի ուժով: Իհարկե խոսքը չի գնում կամակորության դեպքերի մասին, քանի որ այդ պարագայում օգնում է խոստացված խրախուսանքը և այն փաստի արձանագրում, որ միայն բժիկը կարող է օգնել նրան բուժել իր ատամները:
7. Մասնագետի ճիշտ ընտրություն:
Եթե նկատում եք, որ մասնագետը կոպիտ է, հանդուրժող չէ, դրականորեն տրամադրված չէ երեխայի հանդեպ, ապա առանց վարանելու կարելի է շնորհակալություն հայտնել և փնտրել այլ մասնագետի, ռիսկի տակ չդնելով երեխայի հոգեբանական առողջությունը:
8. Հոգեբան/հոգեթերապևտի խորհրդատվություն:
Վառ արտահայտված վախերի և ֆոբիաների դեպքում հարկավոր է դիմել հոգեկան առողջության ոլորտի մասնագետների, քանի որ միայն հատուկ միջամտությամբ կարելի է ելք գտնել տվյալ ուժգնության իրավիճակներից և հոգեբանորեն ավելի ապահով դարձնել երեխայի այցը ատամնաբուժարան:
Անհաժեշտ է հիշել, որ մենք բոլորս մի ժամանակ երեխա էինք և ունեինք նմանատիպ վախեր: Իսկ այն զգացողությունները, երբ գտնվում էր մեկը, ով հասանում էր մեզ, պարգևում էր խաղաղության հաճելի զգացողություն: Ժամանակները փոխվել են, երեխայի հոգեկան աշխարհը՝ ոչ այդքան, հետևաբար ապրումակցելով և լսելով, մենք միայն դրական արդյունքներ կունենաք ատամնաբուժարան այցելելու պարագայում և ոչ միայն: