«Հովարդ Կարագյոզյան» Բժշկական Բարեգործական ՀԿ նորակառույց կենտրոնը Շիրակի մարզում
Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կարևոր իրադարձություն էր.քաղաքացիների առջև իր հյուրընկալ դռներն էր բացել «Հովարդ Կարագյոզյան» Բժշկական Բարեգործական Հասարակական Կազմակերպության նորակառույց երկհարկանի կենտրոնը։
Այստեղ կազմակերպությանը սիրում և վստահում են 1995 թվականից։ Այս տարիների ընթացքում Շիրակի մարզում գործող կենտրոնում մոտ 64.000 ատամնաբուժական և մոտ 8000 ակնաբուժական անվճար ծառայություններ են մատուցվել։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանն ասում է. «Եկավ մի պահ, երբ հասկացանք՝որակյալ ծառայություններն է՛լ ավելի լավ մատուցելու համար անհրաժեշտ է նորակառույց շենք։ Այսօր, Կարագյոզյան Հիմնադրամի 100-ամյա պատմության մեջ, սա մեր կողմից կառուցված առաջին շենքն է։ Այն խորհրդանշում և մեկտեղում է Կարագյոզյան ընտանիքի ցանկություններն ու պատգամը»։
Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հռչակագրին հետևեց ԱՄՆ-ում գործող«Հովարդ Կարագյոզյան» Հիմնադրամի կողմից Բժշկական Բարեգործական ՀԿ-ի հիմնադրումը Հայաստանում:
Արդեն 30 տարեկան կազմակերպությունը ծառի նման մեծացել և արմատներ է տվել։ Այսօր գործում են թվով 5 կենտրոններ՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
Կենտրոնները մինչև 14 տարին բոլորած երեխաներին մատուցում են բժշկական (ատամնաբուժական,ակնաբուժական) և սոցիալական անվճար ծառայություններ՝ սպասարկելով տարեկան շուրջ 50.000 շահառուների:
Շիրակի մարզի նորակառույց, բարձրակարգ շենքի բացման արարողության ժամանակ Իրինա Լազարյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հիմնադրամը կարևորում է նոր շենքի կառուցումը Գյումրիում՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո. «Ծրագիրն իրականացնելիս վճռական ենք եղել օգտագործել տեղական ռեսուրսն ու տաղանդները»:
Կենտրոնի ոչ միայն պատերն են ամուր, շեն, գեղեցիկ, այն նաև զինված է նորագույն ատամնաբուժական սարքավորումներով, որոնց մի մասը կազմակերպությունը նվիրատվություն է ստացել միջազգային «Ռոթարի Սանրայս» ակումբի կողմից։
Շինարարության և բոլոր ծառայությունների հովանավորությունը Հիմնադրամինն է, որի տեսլականն է` լինել բժշկական և սոցիալական ծառայությունների մատուցմանոլորտում գերազանցության կենտրոն:
Իր տեսլականին հավատարիմ կազմակերպությունում բարձրակարգ բժիշկները մշտապես վերապատրաստում են անցնում։ Իսկ ԱՄՆ-ում առկա է գործող խորհրդատու ժողով, որը մասնակցում է աշխարհի լավագույն նորարարությունների հաղորդմամբ ու դրանց կիրառության հմտությունների փոխանցմամբ՝ մշտապես բարձրացնելով բժիշկների մասնագիտական կարողությունները:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ԱՄՆ-ում գործող «Հովարդ Կարագյոզյան» Հիմնադրամի խորհրդի որոշմամբ, սկսվեց նոր ծրագրի իրականացումը, որն է՝ Արցախի և Շիրակի մարզի զոհված զինծառայողների երեխաներին (մինչև 18 տարեկան) նպաստի տրամադրում։
Այստեղ կառուցված կենտրոնի լայն ու ընդարձակ հնարավորությունները կօգնեն փոխել մարզում բնակվող երեխաների ապրելաձևը և աշխարհընկալումը, որն էլ սեպագրված է որպես կազմակերպության առաքելություն` երեխաներին ապահովել անվճար բարձրորակ բժշկական և սոցիալական ծառայություններով, դրանով նպաստել նրանց երջանիկ ինտեգրմանը հասարակությանը:
Հայաստանաբնակ Ռոզա Մարտիրոսյանն ու Սյուզաննա Գրիգորյանը մանուկ ժամանակ օգտվել են կենտրոնի ատամնաբուժական ծառայություններից։ Այսօր նրանց սերունդն արդեն իրե՛նց երեխաների ձեռքերը բռնած, ժպտալով մտնում են հարազատ կենտրոն։
«Հուշերումս մնացել էր բժշկուհու բարի ու հոգատար վերաբերմունքը։ Իմ հուշերն ինձ օգնեցին ճիշտ որոշման մեջ։ Տղայիս բերեցի այս բուժ․կենտրոն։ Ունեմ ևս մեկ տղա, կրկին այստեղ եմ բերելու, որ իմ երկու երեխաներն էլ ինձ նման առողջ ատամներ ունենան»,- ասում է. Մարտիրոսյանը:
Կարագյոզյան ընտանիքը որոշում է կայացրել անժամանակ կորցրած որդու լույս անվամբ Հիմնադրամ ստեղծել, որն արդեն մեկ դար գործում է ի նպաստ հայ մանուկների։ 1921թվականից սկսած Հիմնադրամը սիրով ու հոգածությամբ է պարուրել հարյուր հազարավոր երեխաների՝ բարեգործական ամենատարբեր ծրագրեր իրականացնելով աշխարհասփյուռ հայ մանուկներրի համար:
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն հիմնադրվել է Երևանում (Հայաստան) 1992 թվականին, Կարագյոզյան հիմնադրամի աջակցությամբ (Նյու Յորք, ԱՄՆ)։ Ներկայումս «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն իրականացնում է բժշկական և սոցիալական ծրագրեր Հայաստանում և Արցախում։ Առաքելությունն է՝ երեխաներին ապահովել անվճար բարձրորակ բժշկական և սոցիալական ծառայություններով, դրանով նպաստել նրանց երջանիկ ինտեգրմանը հասարակությունում։